Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումներում հայտարարեց, որ ԱԺ-ում և հանրության տարբեր շրջանակներում բանավեճերը ցույց են տալիս, որ անտարբեր մարդիկ չկան: Նախարարն ընդգծեց, թե պարզ է դառնում, որ փաստերը պակասում են, և զգացմունքները ներկայացվում են որպես առաջնային փաստարկներ: «Քննակումների ժամանակ անտեսվում է վերջին տարիներին էներգահամակարգում կատարած մեծածավալ աշխատանքը, որ հիմնված է եղել այս ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականության վրա»,- ասաց նա և հավելեց, թե օրենսդրական փոփոխություններով, կառավարական որոշումներով լուրջ հետաքրքրություն է առաջացել էներգետիկայի ոլորտում ներդրումներ անելու համար: Ըստ նրա՝ արդյունքում թողարկվել են 680 մգ լրացուցիչ էներգիա արտադրող կայաններ, որոնք փոխարինել են Հրազդանի ՋԷԿ-ին և հին ոչ արդյունավետ աշխատող հզորություններին: «Դրանով կանխվեց սակագնի բարձրացման անհրաժեշտ գործոնը»,- ասաց նա: Ըստ Զախարյանի՝ ներդրումներ են իրականացվել նաև բարձրավոլտ էլեկտրական ցանցերում և կորուստները նվազեցվել են, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը սակագների վրա ազդեցությունը նվազեցնելու հնարավորություն է ստեղծել՝ գազ-էլեկտրաէներգիա տնտեսական գործարքի միջոցով: Այդ ներդրումները վերադարձնելու միակ տարբերակը սակագներն են, իսկ կուտակված պարտքը եղել է օբյեկտիվ պատճառներով, որի մասին ինքը խոսել է արդեն: «Եթե հանձնաժողովն այդ գումարը չնախատեսի սակագներում, դա համակարգում կառաջացնի շղթայական սնանկացում »,- ասաց Զախարյանը և հավելեց, թե այս հանգամանքները պետք է տարանջատել էլեկտրացանցերում առկա կառավարման խնդրից, որոնք բերում են կորուստների, ցածրորակ հոսանքի մատակարարմանը, ներդրումների ոչ արդյունավետ օգտագործմանը, ինչի արդյունքում առաջանում է սպառողների արդարացի դժգոհությունը:
«Այստեղ մենք ունենք մեր պահանջները ՀԷՑ-ից և նրա սեփականատիրոջ հանդեպ»,- ասաց նա և հավելեց, թե անցած ամիսներին ստեղծված աշխատանքային խմբի հետ քննարկվել են մենեջմենթի առաջացմանը վերաբերող հարցեր, արդյունքում հաստատվել է համապատասխան ծրագիրը: Զախարյանը նշեց, որ արվել են համակարգի բարելավման, սպառողներին մատուցած ծառայության որակի բարձրացման և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ:
«Առաջարկություններում ներառված միջոցառումների իրականացումը մեկ-երկու տարվա ընթացքում նախնական գնահատմամբ կբերի կորուստների նվազման 1,5-2%-ով, այդ թվում՝ տեխնոլոգիական անխուսափելի նվազման 0,5- 07 %-ով»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ բարեփոխումների ծրագիր են մշակել՝ սպառողներին տրվող էլէներգիայի որակը բարձրացնելու վերջնական նպատակ ունենալով, կրճատել կորուստները և հասանելիությունը օպտիմալ ծախսերով անել՝ հաշվի առնելով համակարգի անվտանգ ու հուսալի շահագործումը, բնակչության սոցիալական վիճակը, բիզնեսի ծախսերը:
«2018-ին շահագործման կհանձնվեն ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, ինչը հնարավորություն կստեղծի ապահովել էլէներգիայի հոսքը ՀՀ-ի տարածքով դեպի Իրան և ՌԴ, որը կբերի լրացուցիչ հանգամանքներ և կմեղմի սակագնի վրա եղած ճնշումները: Ավարտական փուլում է մինչև 2036 թ. ՀՀ էներգետիկ զարգացման ռազմավարական ուղղությունների մշակումը, որը կներկայացվի ԱԺ քննարկմանը: Վսահեցնում եմ՝ կարվի ամեն ինչ ինքնարժեքի իջեցման և շահութաբերության բարձրացման ուղղությամբ»,- եզրափակեց նախարարը: